#ՉԱՐԵՆՑ_126
Օ, անհանգիստ իմ սիրտ,
Օ, անհանգիստ իմ սիրտ ու անկարող…
Այլևս ի՞նչ մնաց քեզ խնդրելու կյանքից,-
Ախ, խնդություն միայն ու խոնջենքի կարոտ,-
Խաղաղություն անխոհ,-մահվան հանգիստ…
Եղիշե Չարենց
Իր ժողովրդից ժառանգաբար ստացած մաքառման ոգին է, որ բնորոշում է բազմադարյան գրականության և մեր դարի համաշխարհային պոեզիայի խոշորագույն ներկայացուցիչներից մեկի՝ Եղիշե Չարենցի կյանքը:
Ինչքան էլ, իր բառերով ասած, «մեր ամբողջ կուլտուրական մակարդակի ցածր լինելը» ազդեր նրա վրա, ինչքան էլ գավառական կյանքի փոքր կրքերն ու չարությունները չհանդուրժեին իրենց մեջ ապրող հանճարին, ինչքան էլ քաղաքական տարբեր և միշտ էլ անհիմն մեղադրանքներով կասեցնեին նրա արծվային հզոր թռիչքը, ինչքան էլ մահվան սարսափի տակ նրան լռեցնեին և, ի վերջո, տային մահու բերան, այնուամենայնիվ Չարենցը հաղթողն է, պարտվողը չէ, մնացած բոլոր ժամանակների մեջ իր օրերի տերը ինքն է, մյուսները չեն և նրա մահն էլ մահ չէ, այլ անմահություն, այլ անվախճանական մի երթ՝ իր ժողովրդի հարատևության երաշխիքով: