ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7- 2022
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ
Գրադարանները մտքի գանձերի պահպանման սուրբ օջախներ են, որտեղ անբարվում են հանճարների ստեղծած մտավոր գանձերը:
Գիրքը միշտ էլ մեծ արժեք է ունեցել, իսկ ընթերցանությունը կարևոր է մարդու կյանքում.
«Մարդիկ դադարում են մտածել, երբ դադարում են ընթերցել», — այս կարծիքն է հայտնել ֆրանսիացի լուսավորիչ, գրող, արվեստի քննադատ Դենի Դիդրոն:
Դարեր շարունակ գիրքն ու գրադարանները եղել են մեր ազգի ինքնության պահպանման գրավականը, ահա թե ինչու կարևորելով գրադարանների դերը՝ 2004 թ-ից սկսած հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես Գրադարանավարի օր:
Այս տարի հոկտեմբերի 7-ին Սպիտակի քաղաքային գրադարանը մարդաշատ էր: Նշում էինք Գրադարանավարի օրը: Հավաքվել էին գիրքը սիրող, գրադարանը գնահատող մարդիկ. քաղաքի դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Ազգանուշ Ֆրանգյանը և աշխատակիցներ, Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը, Սպիտակ քաղաքի հարգարժան մարդիկ՝ վաստակավոր լրագրող Ֆահրադ Ափուջանյանը, վաստակաշատ մանկավարժ Սամվել Մաթոսյանը, Գյումրիից գրող, հումորի վարպետ Գագիկ Վարդանյանը և դուդուկահար Վահե Պետրոսյանը, համայնքի ենթակայության ՀՈԱԿ-ների տնօրեններ և աշխատակիցներ, հասարակական և երիտասարդական կազմակեպությունների ղեկավարներ և աշխատակիցներ, ընթերցողներ, բնակիչներ… Միջոցառումը բաղկացած էր երկու մասից. նշվեց Գրադարանավարի տոնը, հյուրընկալել էինք գրադարանը սիրող, գրադարանների հետ սերտ կապեր ունեցող ուկրաինահայ բանաստեղծ, արձակագիր, երգահան Անահիտ Սարգսյանին, ով 28 գրքերի և հարյուրավոր երգերի հեղինակ է, 1991թ հիմնել և առ այսօր ղեկավարում է Խարկովի «Հայ մշակութային կենտրոնը», 2003թ-ից Ուկրաինայի գրողների միության անդամ է, 2007թ-ին Հայաստանում հիմնել է «Համանվագ» գրական- երաժշտական կենտրոնը, որի նպատակն է հայերենի անաղարտության պահպանումը: Նրա պոեզիայի հիմնական թեմաներն են հայրենասիրությունը, մարդասիրությունը, բարությունը, ընդվզումները՝ անարդարության, ստրկամտության, խամաճիկության, քաոսայնության դեմ:
Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորոտում, պարգևատրվեցին գրադարանի աշխատակիցներ Նարինե Ավագյանը, Սոֆյա Ասատրյանը, Սոնա Սարգսյանը, Լուարա Մաթոսյանը, 2022թ-ի «Լավագույն ընթերցող» ճանաչվեցին կենսաթոշակառու Մանվել Արղամանյանը, երիտասարդ Գառնիկ Մարտիրոսյանը, դպրոցականներ՝ Նազելի Խաչատրյանը (թիվ 1 հիմնական դպրոց), Հայկ Բոյախչյանը (թիվ 2 հիմնական դպրոց), Եվա Դավթյանը (թիվ 2 հիմնական դպրոց):