ԿՈՉ ԳՐՔԱՀԱՎԱՔԻ
ՀԱՐԳԵԼԻ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐ, ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐ, ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
2021 թվականի փետրվարի 19-ը ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Իզուր չէ, որ հենց այդ օրն է ընտրվել գրքի նվիրատվության օր, քանզի նա այն բանաստեղծն է, որ ամենից լավ է զգացել մեր ժողովրդի կարիքները: Մեծն Լոռեցու համար գրքերը մեծ նշանակություն ունեին: Նրա ամենաթանկ գրքերից էին Հոմերոսի «Իլիական»-ը, Խ.Աբովյանի «Վերք Հայաստանի»-ն, Լերմոնտովի բանաստեղծությունների ժողովածուն: Նա շատ ջանքեր է նվիրել ժողովրդական դպրոցներ ստեղծելուն, գրագիտության տարածելուն , հրատարակել է դպրոցական դասագրքեր: Թումանյանը մեծ տեղ է տվել կրթվածությանը, խրատող էր, կոչ էր անում լինել ճիշտ և միշտ ունենալ լսելու կարողություն:«Ղոչա՛ղ կացեք,-սա էր նրա պատգամը…Հայաստանում անհրաժետ է ինքնամաքրվել»:Սպիտակի քաղաքային գրադարանը ետերկրաշարժյան ամբողջ ժամանակահատվածում իր գրքային հավաքածուն հիմնականում համալրում է նվիրատվություններով: Սպիտակ քաղաքի շատ ընթերցողներ իրենց անձնական հավաքածուն են նվիրել գրադարանին: Շնորհակալություն անհատներին, կազմակերպություններին, բարերարներին, բոլոր նրանց, ովքեր այս տարիներին օգնել են հարստացնել մեր գրքային հավաքածուն: Նրանց կատարած աշխատանքը հայրենանվեր գործ է: Նվիրատվողները շատ-շատ են, ընդամենը եկեք հիշենք, որ եթե կա բարի գործ անելու ցանկություն, կա նաև գնահատող… Ժամանակները փոխվել են: Գրադարանը միայն գրքերի համար չէ,այն մարդկանց համար է: Մարդու զարգացվածության և կրթության չափանիշը միշտ եղել է նրա վերաբերմունքը ընթերցանության, տպագրված խոսքի նկատմամբ, իսկ գրադարանները, որպես հանրային գրապահոցներ կարևորագույն դեր են խաղում առաջավոր գաղափարների և գիտելիքի տարածման գործում: Եղեք ակտիվ, մասնակցեք գրադարանում կազմակերպվող տարաբնույթ միջոցառումներին:Փետրվարի 19-ին նույնպես կոչ եմ անում լինել ակտիվ, հարստացնել մեր հավաքածուն /ցանկալի է՝ նոր գրականությամբ/ : Գրքային հավաքածուն ծառայում է մեր երեխաներին, մեր ազգաբնակչությանը:Մասնակցենք մեր համայնքի խնդիրների լուծմանը ավելի կրթված քաղաքացիներով, առաջարկենք նոր գործիքակազմ՝ ծաղկուն քաղաք ունենալու համար:Ինչքան հարուստ լինի մեր հավաքածուն, այնքան շատ ընդգրկուն կլինի ընթերցողական կազմը:Փորձենք միասին կանոնակարգել ընթերցանության հետ առնչվող հիմնախնդիրները, քանզի գրքի միջոցով հղկվում և կերտվում է մեր ապագա սերունդը:Սպասում ենք Ձեզ: