Քսաներորդ դարի հայ քնարերգության շողշողուն մարգարիտ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է ապրիլի 27-ը:
… Հանճարները չունեն ծննդյան ու մահվան օրեր, դրանք սոսկ պայմանական շրջագծեր են, որովհետև նրանց ծնունդը թելադրել է Երկինքը, իսկ հավերժության ճամփան Աստծո հրավերն է` բոլոր օրերի ու տարիների մեջ սփռված:
Որբանոցային անձուկ օրերը, հարազատ մոր որոնումները, տառապանքի ու մանկական հրճվանքի զուգորդումների մեջ բոլորվող օրերն էլ նրա մեջ հայտնագործեցին Բանաստեղծին, տարան դպրոց, որտեղ նա քաղցածի նման հագենում էր հայոց լեզվով, կարդում պատահած գիրքն ու զօր ու գիշեր թղթի կտորների վրա հանգեր հորինում, որոնք հետո բանաստեղծություններ են դառնում:
Զարմանանք, որ դառնություններ ու ցավ տեսած պատանու առջև անսպասելիորեն հառնում է Ատրպետը` Սարգիս Մուբալաջյանը, ով հայրենի Ատրպատականը թողած` հայտնվել էր Շիրազի ծննդավայր Գյումրի-Լենինական քաղաքում: Հենց Ատրպետն է առաջինը կարդում ապագա Շիրազի բանաստեղծություններն ու մարգարեաբար կանխագուշակում, որ նա օժտված է շքեղ տվյալներով, որ նրա ստեղծագործությունները բուրում են Շիրազի վարդերի պես… Ատրպետից հետո ուրիշները պիտի կարդային Շիրազի ստեղծագործություններն ու գրեին նրա մասին, արժևորեին նրա տեղը հայ բանաստեղծության անդաստանում:
Հայ քնարերգությանը գարնանաբույր բերող բանաստեղծն իր ստեղծագործությունը կապակցեց այն հազարամյա ավանդույթներին, որոնք գոյավորվել էին Գրիգոր Նարեկացու ու Քուչակի համառ-խիզախ որոնումներով և ինքն էլ այդ ավանդույթների հարստացնողը դարձավ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով