<< Եվրոպական ժառանգության օրերը Հայաստանում>>

Օր առաջին— սեպտեմբերի 28: Միջոցառումը նվիրված էր տիկնիկագործությանը, խորագիրը <<Տիկնիկները թատրոնում խաղալիքներ չեն>>:

Տիկնիկների գունագեղ աշխարհը տեղափոխվել էր գրադարան: Աշխարհի հեքիաթների բոլոր հերոսները կարծես թե տեղակայվել էին գրքերի դարակներում՝ իրենց տնակներում:

Համատեղված էր արվեստը և ժամանցը: Տիկնիկագործությունը՝ որպես դեկորատիվ-կիրառական արվեստի զարգացող ճյուղ, ներկայացվեց հանդիսատեսին: Իսկ կերպարային և թատերական տիկնիկների կատարումները որպես ժամանց հուզեցին ներկաներին: Լեփ-լեցուն դահլիճը հյուրընկալել էր տարբեր տարիքի ու ճաշակի ընթերցողների:

<<Մարդկության պատմության ընթացքում տիկնիկը միշտ խորհրդավոր ու բազմանշանակ դեր է կատարել: Այն այժմ էլ չի կորցրել իր նշանակությունը, կատարելով բազմազան գործառույթներ՝ ծիսական, պաշտամունքային, կենցաղային, կրթադաստիարակչական, նույնիսկ բուժիչ: Տիկնիկների աշխարհը հնարավորություն է տալիս գնալ մանկություն, բարիանալ և այդ բարությունը տարածել շրջապատին>>,- այս խոսքերով միջոցառումը սկսեց գրադարանի տնօրեն Քնարիկ Գրիգորյանը:

Միջոցառումն օրհնեց Սպիտակի Սբ. Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վաղարշը: Միջոցառմանը ներկա էին քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Անահիտ Գյուլազյանը, երիտասարդ մոդելավորողներ, ուսանողներ…

Տիկնիկագործ Արմինե Մելքոնյանը, ում պատրաստած տիկնիկներն էին զարդարել գրադարանը, իր փորձը փոխանցեց երիտասարդ, տիկնիկների աշխարհը սիրող մարդկանց. <<Սկսնակ տիկնիկագործներին խորհուրդ կտամ, որպեսզի շատ մեծ սեր ներդնեն իրենց աշխատանքում, նայեն իրենց աշխատանքին նախ և առաջ որպես արվեստի, հետո նոր միայն մտածեն այն իրացնելու մասին: Տիկնիկագործը պետք է իր ձեռագիրն ունենա…>>:

Ինչպես մանկանց անհոգ պահերը հուզեցին հանդիսատեսին, այնպես էլ կոչ արվեց բարությունը տարածել ամենուր. <<Մի ոստիկան կարող է բարություն անել, փրկել բազմաթիվ մարդկանց, մի ճանապարհորդ կարող է բարություն անել և օգնել ճամփին ընկածին: Ուրախ, բարեկեցիկ ու անհոգ մանկություն եմ մաղթում բոլորին: Թող մանկության գունեղ ու լուսավոր հեքիաթը երբեք չընդհատվի>>:

Հանդիսատեսին ներկայացվեց <<Վախկոտ պարծենկոտը>> կենդանի ներկայացումը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով