ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Կրկին մարդաշատ էր Սպիտակի քաղաքային գրադարանը: Քանդակների ցուցադրությունը տարբեր տարիքի և զբաղմունքի տեր մարդկանց էր գրադարան բերել: Ցուցադրվում էր մեր քաղաքի նկարիչ-քանդակագործ Աղվան Սահակյանի աշխատանքները:
Ներկա էին Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Ազգանուշ Ֆրանգյանը, մշակույթի, կրթության, սպորտի և տուրիզմի բաժնի պետ Մելանյա Դանիելյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ, երիտասարդներ, պարզապես արվեստի սիրահարներ:
Աղվան Սահակյանը սովորել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Կերպարվեստի ֆակուլտետի «Քանդակագործություն» բաժնում: Նա քանդակում է բրոնզից, տարբեր քարերից, մետաղներից: Իր առաջին քայլերը կատարել և խրախուսվել է ուսուցիչ Լևուշ Հակոբյանի կողմից, ով նույնպես ներկա էր միջոցառմանը: Նրան ոգեշնչել է նաև իր դասախոս Վիգեն Ավետիսը: Աղվանը նկարչությունից անցում է կատարել քանդակ, ոճը՝ ժամանակակից, կոնցեպտուալն է:
Նա նաև 44-օրյա պատերազմի մասնակից է, ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
Միջոցառումը բացեց տնօրեն Քնարիկ Գրիգորյանը, ով ողջունելով ներկաներին՝ խոսեց քանդակագործության մասին, նշելով. «Յուրաքանչյուր դարաշրջան իրենից հետո թողնում է խտացումն այն ամենի, ինչը առավել բնորոշ էր իրեն, և առավել նշանակալից էր մարդկության մշակույթի համար»:
Այնուհետև Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վաղարշ քահանա Հակոբյանը իր տերունական խոսքն ուղղեց ներկաներին:
Միջոցառման ընթացքում իրենց գեղեցիկ կատարումներով հանդես եկան և ներկաներին հիացրեցին «Սպիտակի երաժշտական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի սաներ Անգելինան, Էլիզան, Սոֆյան, Թաթոսը, թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտուհի, երաժշտական դպրոցի նախկին սան Անիտան:
Ցուցադրությունը կրում էր «ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» խորագիրը, որն ըստ քանդակագործի նպատակ ուներ կոչ հնչեցնել համախմբման, միասնականության:
«Բոլոր գործերում միավորվելու, փոխադարձ նվիրումով կազմակերպելու խնդիր ունենք: Մեր փրկությունը բռունցքվելու և անվախության մեջ է»,- այս խոսքերով ամփոփեց միջոցառումը տնօրեն Քնարիկ Գրիգորյանը:
Իրենց սրտի խոսքը ուղղեցին Աղվանին նաև իր ուսուցիչները:
Ներկաները բարձր գնահատեցին Աղվանի կատարած աշխատանքը՝ նրան ցանկանալով նորանոր ստեղծագործական հաջողություններ: