ԳԻՐՔ_ՆՎԻՐԵԼՈՒ_ՕՐՎԱՆ_ԸՆԴԱՌԱՋ
«Գրականությունն ազգի հոգին է և գրողները էդ հոգու ծնունդներն են ու արտահայտիչները»
Հովհ․Թումանյան
«․․․Տունը, որտեղ գրքեր չկան, նման է մարմնի, որում հոգի չկա»
Ցիցերոն
«Այն գիրքն է լավը, որը բացում ես ակնկալելով և փակում հարստացած» անգլիացի
պատմաբան-աստղագետ Վ․ Օլքոթ
2023 թվականի փետրվարի 19-ը Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է:
Նա իր ժամանակի ակտիվ հասարակական գործիչ էր և մշտապես արձագանքում էր հայ ժողովրդի ազգային-քաղաքային-մշակութային կյանքին որպես ուղորդող և մտքերը սնուցող։ Հովհ․ Թումանյանի համար գրքերը մեծ նշանակություն ունեին։ Թումանյանը մեծ տեղ է տվել կրթվածությանը, խրատող էր, կոչ էր անում լինել ճիշտ և միշտ ունենալ լսելու կարողություն:
Իզուր չէ, որ հենց այդ օրն է ընտրվել որպես գրքի նվիրատվության օր: Մեծն Լոռեցու համար գրքերը մեծ նշանակություն ունեին:
Սպիտակի քաղաքային գրադարանը ետերկրաշարժյան ամբողջ ժամանակահատվածում իր գրքային հավաքածուն հիմնականում համալրում է նվիրատվություններով: Սպիտակ քաղաքի շատ ընթերցողներ իրենց անձնական հավաքածուն են նվիրել գրադարանին: Շնորհակալություն անհատներին, կազմակերպություններին, բարերարներին, բոլոր նրանց, ովքեր այս տարիներին օգնել են հարստացնել մեր գրքային հավաքածուն: Նրանց կատարած աշխատանքը հայրենանվեր գործ է: Նվիրատվողները շատ-շատ են, ընդամենը եկեք հիշենք, որ եթե կա բարի գործ անելու ցանկություն, կա նաև գնահատող… Փորձենք միասին կանոնակարգենք ընթերցանության հետ առնչվող հիմնախնդիրները, քանի որ գրքի միջոցով հղկվում և կերտվում է մեր ապագա սերունդը։
Փետրվարի 19-ը նաև գիրք նվիրելու օրն է, որը նշվում է 2008թ-ից սկսած։ Այդ օրը նպատակ ունի նոր սերնդին ժառանգելու, փոխանցելու գիրք կարդալու, գրքի հանդեպ փոխանցված սերն ու պաշտամունքը։
Բացի գիրք նվիրելուց նվիրվում է նաև հույզեր ու գիտելիքներ, գրականությանն ու հոգևոր մշակութային արժեքներին հաղորդակից լինելու հնարավորություն, միտք ու հոգի, քանի որ գիտելիքն է, որ մարդու ներաշխարհում ոչնչացնում է չարի սաղմերը և սերմանում սեր դեպի իր անձն ու ընկերը, ծնողն ու հայրենիքը, մարդն ու գեղեցիկը։
Այս տոնը մեզ նաև հիշեցնում է, որ պետք է ճանաչենք գրքի արժեքը, ընթերցենք և եթե ոչ հաճախ, ապա տարվա մեջ գեթ մեկ օր մեկական գիրք նվիրենք մեր մտերիմներին։
Նվիրենք միմյանց գրքեր և արթուն պահենք մեր մեջ ընթերցողին։
Փետրվարի 19-ին նույնպես կոչ եմ անում լինել ակտիվ, հարստացնել մեր հավաքածուն /ցանկալի է՝ նոր գրականությամբ/: Մասնակցենք մեր համայնքի խնդիրների լուծմանը ավելի կրթված քաղաքացիներով, առաջարկենք նոր գործիքակազմ՝ ծաղկուն քաղաք ունենալու համար:
Ինչքան հարուստ լինի մեր հավաքածուն, այնքան շատ ընդգրկուն կլինի ընթերցողական կազմը:
Մշտապես սպասում ենք ձեզ