ՍՊԻՏԱԿԻ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ ՍՊԻՏԱԿԻ ՄԱՍԻՆ

📝Սպիտակ քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում՝ Փամբակ գետի և նրա Փամբիջուր վտակի ափերին:

Մինչև 1949 թվականը կոչվել է Համամլու: Համամլու գյուղի հիմնադրման մասին գրավոր վավերագրեր չկան: Ենթադրվում է, որ գյուղի բնակչության զգալի մասը, մոտ երեք դար առաջ գաղթել է Պարսկահայքի Հեր գավառից : Համամլու կամ Համամլի անվանումը հավանաբար առաջացել է պարսկերեն համամ (բաղնիք) բառից: Ոմանք էլ ասում են, որ ոչ թե այդ անունը Համամլու է, այլ Համամլի, այսինքն՝ համայնքը լի:

Սերո Խանզադյանը գրում է, որ Համամլու անունը ծագել է 8-րդ դարում, և այն կապում է Համամ Ամատունի իշխանի անվան հետ, ով Նիգ գավառում ունեցել է Համամաշեն ամրոց, որը դարձել է Համամլու:

Խ. Աբովյանն էլ է հիշատակել Համամլուն իր «Վերք Հայաստանի» վեպում: Դորպատի համալսարանի պրոֆեսոր Պարրոտն էլ 1835թ-ին հրատարակած իր «Դորպատից Արարատ» գրքում գրել է գյուղի մասին, այն հարթավայրի մասին, որտեղ գտնվում են Ղշլաղ և Համամլու գյուղերը:

Համամլուի մասին գրել է նաև Պերճ Պռոշյանն իր «Բղդե» վեպում՝ «Փամբակաձորում է Համամլու անունով գյուղը», Նաիրի Զարյանը, որը մի քանի ամիս ապրել է Համամլեցի Մարութ Շմոյանի տանը,

իր «Հացավան» վեպում նույնպես անդրադարձել է Համամլուի 1920-ական թվականների քաղաքական, տնտեսական, սոցիալական անցուդարձին :

📕Իսկ ինչու՞ է քաղաքը կոչվում Սպիտակ:

Տարբեր մեկնաբանություններ կան. Սպիտակը Լեռնանցք գյուղի անունն է եղել, Համամլուի մոտ տարածված է կրաքարի հանքավայրեր, որն ինչպես գիտենք, ունի սպիտակ գույն, սպիտակ գույն ուներ նաև այդտեղ արտադրվող շաքարավազը: Ծնունդով Մեծ Պարնեցի, անվանի լեզվաբան Վաղինակ Քոսյանը մեկնաբանում է, որ «Սպիտակ» անունը, հավանաբար, կապված է գյուղի հյուսիսային կողմում գտնվող Սուրբ Գրիգոր մատուռի գոյության հետ, քանի որ գյուղը փռվելով, տարածվում է հենց այդ սրբի տակ և այդպես էլ կոչվել է«Սրբիտակ», ժամանակի ընթացքում ր-ն սղվել է՝ դառնալով Սբիտակ, այնուհետև ժողովուրդը փոխել է արտասանության ձևը և ասել է Սպիտակ… : Սպիտակով են անցնում Երևան- Թբիլիսի երկաթուղին, Վանաձոր-Երևան, Վանաձոր-Գյումրի ավտաճանապարհները:

📖Հեռավորությունը Երևանից 101 կմ է, իսկ Լոռու մարզկենտրոն Վանաձորից՝ 18 կմ:

Կլիման բարեխառն է, մեղմ ձմեռով, չափավոր տաք ամառով: Տարեկան տեղումների միջին քանակը 439 մմ է: Սպիտակը ծովի մակերևույթից բարձր է 1650 մետր: Քաղաքի բնակչությունը 2011թվականի ՀՀ մարդահամարի տվյալներով կազմել է 15411 մարդ:

Նախախորհրդային Համամլուն բացի մի քանի դարբնոցից, ջրաղացներից ու ձիթահանքից, արդյունաբերական ոչ մի ձեռնարկութուն չի ունեցել: Բնակիչները զբաղվել են երկրագործությամբ և անասնապահությամբ:

📝Սպիտակը 1960թ. ստացել է քաղաքի, 1971թ.՝ հանրապետության ենթակայության քաղաքի կարգավիճակ:

Սպիտակի առաջին գլխավոր հատակագիծը կազմվել է 1965թ (ճարտարապետ Ս Հարությունյան), երկրորդը՝ 1974թ-ին (ճարտարապետներ Կ/ Ղազարյան, Հ. Միրզախանյան):

Քաղաքի նոր հատակագիծը կազմվել է երկրաշարժից հետո, որն ընդգրկում է նոր տարածքներ արևմուտքից՝ քաղաքի ընդհանուր երկարությունը հասցնելով 16 կմ-ի:

📚Մինչ երկրաշարժը Սպիտակում գործել է շաքարի, վերելակաշինական, կաշվի փոխարինիչների գործարանները ,պանրի արտադրությունը, հացամթերքների կոմբինատը, գործել են շրջանային հիվանդանոցը, պոլիկլինիկա, ստամատոլոգիական պոլիկլինիկա, մոր ու մանկան կոնսուլտացիաները, սանիտարա-հակահամաճարակային կայանը, դեղատունը, շտապ օգնության կայանը, պրոֆտեխնիկական ուսումնարանը, Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումի մասնաճյուղը, մսուր մանկապարտեզներ, գեղարվեստի, երաժշտական, մարզական դպրոցներ, հանրակրթական դպրոցներ, մշակույթի տուն, երեք գրադարան, երկու կինոթատրոն, ժող թատրոն, պատմաազգագրական թանգարան, կապի հանգույց, հեռուստակայանը, տպարանը…

Սպիտակը մի տարածք է , որին բաժին ընկավ 1988թ. դաժան երկրաշարժի ամենաահարկու հարվածը: Հաշված վայրկյաններում արդյունաբերական ծաղկուն քաղաքն ավերակների կույտի վերածվեց:

📝Ավելին իմանալու համար այցելեք գրադարանի թանգարանային բաժին:

Եվս մեկ տեսանյութ պատրաստված գրադարանի կողմից։

ԾԱՆՈԹԱՆԱՆՔ ՍՊԻՏԱԿԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈԻԹԱՅԻՆ ՀՈԻՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ https://www.facebook.com/spitak.gradaran/videos/1240084426767108

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով