1988թ. ՄՐՄՈՒՌՆ ՈՒ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ ՉԱՆՑԱՆ

… տարիներ անցան,
Վերքը սպիացել է, ցավերը չանցան
Վիրավոր է սիրտս ու հոգիս,
Մրմուռն ու արցունքները չանցան,
Շիրիմները ձեր վարդ ու կակաչ են դարձել,
Ու վերքերից հոսած արյունով շաղախվել,
Ձեր կյանքի տարիները հուշեր են դարձել
Մրմուռն ու արցունքները չեն անցել:
Ս. Դանիելյան

Հարկ չկա ապավինել պատմական հիշողությանը՝ վկայելու, որ մեր բնօրրանը՝ հայկական լեռնաշխարհը, անհանգիստ ընդերք ունի և նպաստավոր է երկրաշարժերի առաջացման համար:
1988թ. ահավոր երկրաշարժը ավերեց ողջ քաղաքը, շրջապատի գյուղերը: Չկար այլևս սարի փեշերին, ծառերի ու կանաչի մեջ թաղված Սպիտակ քաղաքս: Մնացել էին մի քանի կիսավեր շենքեր, որոնք սարսափելի սպառնալիքով թեքված էին փողոցի վրա:
Ամենածանր ու անվերադարձ կորուստը զոհված մարդիկ էին: … զոհեր… մարդկային զոհեր … անհաշիվ վիրավորներ… որդեկորույս մայրեր, ծնողներին կորցրած երեխաներ… Նրանք հեռացան կյանքից՝ իրենց հետ տանելով սեր, երազանք, հույս, լուսեղեն ծրագրեր:
Մեր խոնարհումը բոլոր նրանց, ում կորցրեցինք: Նրանք միշտ մեզ հետ են, միշտ կենդանի… Եվ ինչպես բանաստեղծ Միսակ Մեծարենցը կասեր՝ մահացած մարդը կենդանի է համարվում այնքան ժամանակ, քանի դեռ անթառամ է նրա հիշատակը:
Նրանց հիշատակը միշտ վառ կմնա:
Անկոտրում է հայի ոգին: Նա տոկացել է, փլատակներից մաքրել իր ակութները, վարել իր կենաց հունդը և ապրել ու ապրել: Կուլ է տվել արցունքը և նորից ոգի առել… ոգի է առել, բայց երբևէ ոչնչով չի լցվել նրա կորստի անդունդը… այն ժողովրդը, որը չի ուզում մեռնել, երբե՛ք չի մեռնի:
Եվ փա՛ռք բոլոր ա՛յն ազգերին, որ մի մարդու պես թև ու թիկունք դարձան Սպիտակին:
1988թ.-ին երկրաշարժին նվիրված շատ ցուցադրություններ են կազմակերպվել, ֆիլմեր նկարահանվել, գրքեր գրվել: Սա ևս մեկ ապացույց է, որ երբևէ կորստի ցավը չի անցնում, բայց սերունդներին պետք է փոխանցել պատմական իրողությունը:
<<Սպիտակի քաղաքային գրադարան>> ՀՈԱԿ-ի թանգարանային բաժնում կազմակերպվել է Մոսկվայի՝ այժմ լուսանկարիչ, միջազգային մշակույթի ակադեմիայի անդամ, «ՌոսՖոտո» ստեղծագործական ակումբի անդամ, «PhotoPodium.com» կորպորացիայի ադմինիստրատոր Եվգենիյ Վլադիմիրի Ժիլյաևի ֆոտոնկարների նոր ցուցադրություն: 1988թ. դեկտեմբերին Եվգենիյ Ժիլյաևը որպես փրկարարական ջոկատի հրամանատար, Սպիտակում մասնակցել է Սպիտակի փրկարարական աշխատանքներին և պարբերաբար լուսանկարել: Ժիլյաևը մասնակցել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, «Ավրորա» հումանիտար նախաձեռնության և Ազնավուրի հիմնադրամի կողմից կազմակերպված «Летопись Милосердия» միջոցառմանը, իսկ 7.12.2018թ. Ռուսաստանի փրկարարների միությունում և 18.12.2018թ. Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը ներկայացրել էր «Սպիտակ հինգ րոպե լռություն» անհատական ցուցահանդեսը:
«PhotoPodium.com» կայքը կազմակերպել է նույն ցուցահանդեսի ցուցադրումը Հայաստանում:
Այժմ՝ որպես վերջնական հանգրվան, նրա լուսանկարները գտնվում են <<Սպիտակի քաղաքային գրադարան>> ՀՈԱԿ-ում:
Ցանկացողները կարող են այցելել <<Սպիտակի քաղաքային գրադարան>> ՀՈԱԿ-ի թանգարանային բաժին 2019թ.-ի դեկտեմբերի 5-ից:
Ցուցահանդեսը գործելու է երկու ամիս:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Secured By miniOrange