Մայիսյան հաղթանակներ

Հավերժ փառք բոլոր մասնակիցներին,
Հավերժ հիշատակ բոլոր ընկածներին
Ոչ ոք չի մոռացվել,
Ոչինչ չի մոռացվել…

Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգի համախմբվածության արդյունք է….
Մոնթե Մելքոնյան
75 տարի առաջ մեր պապերն ու հայրերը տվեցին իրենց կյանքը, երիտասարդությունը համընդհանուր հաղթանակի համար: Հայ զինվորներն ու զորավարները պատմության այդ մեծ քննությունը բռնեցին պատվով և իրենց սուրը փառքով դրեցին պատյան:
1992 թվականի մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրմամբ Հաղթանակի օրը իմաստավորվեց նորովի: Աշխարհի բոլոր պատերազմներում կռվում են զինվորնե՛րը, հայրենիքի սահմանները անառիկ են պահում զինվորնե՛րը և գուցե զուգադիպությունը հայերիս համար օրինաչափ է, որ Ավարայրից սկսած՝ Սարդարապատ ու Շուշի, մեր հաղթական ճակատամարտերը մայիսին է լինում:
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում…Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ…- Մեծն Չարենցը ներկայացնում է մի ամբողջ ժողովրդի փառավոր ու ողբերգական փորձառության արձագանքն ու տոգորում է սեր՝ առ հայրենիք: Աստված օրհնի և պահպանի Հայաստանը՝ հավատով, նահատակների քաջությամբ, հույսով:
Հիշողությունը չի կարելի ո՛չ պղտորել, ո՛չ մոռանալ:
Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուր է.
Մենք հավատում ենք: Խաղաղության մասին մեր երազանքները մի օր իրականություն կդառնան:
Հավատում ենք, որովհետև մեր՛ խաղաղ կյանքի, մեր՛ անվտանգության, մեր՛ լուսավոր ապագայի երաշխիքը մեր՛ զինվորն է, հայոց բանակի անվեհեր մարտիկը՝ հաղթողի և խաղաղություն պարտադրողի անսասան վճռականությամբ:
<<Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս Աստծուն, պատիվս ինձ, Զենքս որդուս, իսկ սերս մայրերին կտամ… – այս փիլիսոփայությամբ էին առաջնորդվում նրանք: Նրանք գաղափարի զինվորներ էին: Նրանց համար հայրենիքը վեր էր ամեն ինչից, քաջ էին, խիզախ…
Հիշենք ու մեծարենք նրանց:
Նրանք էին, որ թշնամու ճիրաններից փրկեցին և ազատ Հանրապետություն դարձրին Արցախ աշխարհը, Շուշին տուն բերին, վերադարձրին մանուկների կարկաչուն ծիծաղը, նրանցից շատերը կարոտ էին առաջին սիրուն, առաջին համբույրին…, նրանք էին, որ Արցախը դարձրին իրենց կյանքի իմաստը:
Մեզ մնում է պայքարել մեր նահատակված տղաների երազանքներն իրականացնելու համար:
Կյանքը տվիք հայրենիքին, հոգին Աստծուն, պատիվը թողեցիք մեզ, որպեսզի հաճախ այցելենք Ձեզ և խոնարենք գլուխները մեր անհուն տիեզերքի առաջ:
Մեր խոնարհումը վշտակոծ մորը: Աղոթում ենք ամենքս: Հանուն Արցախ աշխարհի նահատակվեցիք…
Փա՛ռք Ձեզ, տղերք, Փա՛ռք ձեր ծնողներին, դուք ապացուցեցիք, որ ապրելու համար պետք է հավատալ և պայքարել:
Թող ոչ մի տեղ պատերազմ չլինի…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով