Ազգային գրադարանային շաբաթի բացումը /օր առաջին/

Երգը՝ որպես երաժշտության և բանաստեղծական խոսքի համաձուլվածք, մշտապես գերել, հուզել ու դյութել է մարդուն: Երգն անմիջականորեն փոխկապակցված է լեզվի, գրականության, հնչողականության, մաքուր առոգանության և մի շարք առարկաների հետ : <<Սպիտակի քաղաքային գրադարան>>ՀՈԱԿ-ը մշտապես համագործակցում է երգարվեստի լավագույն մարդկանց հետ:
Այդ նպատակով ազգային գրադարանային շաբաթի բացումը այս տարի կազմակերպվեց Սպիտակի աշուղական դպրոցում /ղեկ. Աշուղ Սահանուշ/:
Դպրոցը բազմամարդ էր: Հավաքվել էին գրքասերներ, երգասերներ, հասարակության տարբեր խավի ներկայացուցիչներ, ծնողներ, քաղաքի ուսումնական հաստատությունների ղեկավարներ:
Գրքի դերի ու նշանակության, գրադարանային շաբաթի կարևորության մասին խոսքով հանդես եկավ գրադարանի աշխատակից Նարինե Ավագյանը, իսկ ազգային երգի, ոգու նկարագրի անաղարտության ապահովման մասին ներկայացրեց աշուղական դպրոցի տնօրեն Սահականուշ Արղամանյանը /աշուղ Սահանուշ/:
Օրը տոնական էր, և հնչող երաժշտությունը /երաժշտ. ղեկավար Էդգար Պեպանյան/ կանչում էր նաև մոտակա տարածքում գտնվող մարդկանց: Ժողովրդական և աշուղական երգերի կատարումները դպրոցի սաների կողմից բարձր գնահատանքի արժանացան ներկաների կողմից:
Դպրոցում բացվել էր նաև երգին, երաժշտությանը, գրքին նվիրված գրքային ցուցահանդես:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով