Սեմինար-քննարկում
#Ազգային_գրադարանային_շաբաթ_2026
#գրադարան_դպրոց#համագործակցություն
«Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ում ապրիլի 13-ին մեկնարկեց «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագիրը՝ «Դպրոցական գրադարանները նորարարության տիրույթում» խորագրով:
Ծրագրի շրջանակում կազմակերպված սեմինար-քննարկմանը մասնակցում էին Սպիտակ խոշորացված համայնքի թվով 8 դպրոցական գրադարանների գրադարանավարներ, ինչպես նաև գյուղական բնակավայրերի դպրոցների գրադանավարներ, գրադարանի աշխատակիցներ (թվով 25):
Սեմինար-քննարկումը կազմված էր երկու մասից.
Առաջին մասը վարեց Սպիտակի քաղաքային գրադարանի նախկին տնօրեն, գրադարանային գործի հմուտ մասնագետ, գրադարանային գործի նվիրյալ Քնարիկ Գրիգորյանը, ով մասնակիցներին ներկայացրեց դպրոցական գրադարանների նպատակները, գործառույթները, խնդիրները, ընդգծելով, որ դրանք պետք է տեղափոխել նորարարությունների տիրույթը, վերածվել տեղեկատվական և զարգացնող միջավայրի:
Մասնակիցները ծանոթացան գրադարանային գործի ժամանակակից մոտեցումներին, երեխաների հետ տարվող աշխատանքների արդյունավետ ձևերին, ընթերցանության խթանման նորարական մեթոդներին, զանգվածային միջոցառումների տեսակներին, գրադարանում առկա խնդիրներին, գրքերի համալրման, տեղեկատու-մատենագիտական աշխատանքների մասին:
Երկրորդ մասը վարեց Սպիտակի քաղաքային գրադարանի մեթոդիստ Սվետլանա Մացակյանը, թեման՝ «Ընթերցանությունը որպես ռազմավարական երկարաժամկետ մարտահրավեր»:
Առաջնորդվելով ժամանակակից մոտեցումներով՝ Սվետլանա Մացակյանը ներկայացրեց բոլոր այն խթանիչ մեթոդները, որոնք բարձրացնում են ընթերցանության մակարդակը, ընդգծելով գրադարանավարի կարևոր դերը, որպես կապող օղակ ընթերցողի և գրքի միջև:
Ներկայացվեց ընթերցանության կազմակերպման մի շարք մեթոդներ, ինչպիսիք են բարձրաձայն ընթերցանությունը, վիկտորինաները, գրական հանելուկները, բենեֆիսը, աճուրդը, ընթերցանության ծառը և զեկույցը գրքի մասին:
Սեմինարի թեմային համահունչ գրադարանավարներին խորհուրդ տրվեց ընթերցել գրքեր, որոնք կարևորում են գրքի դերն ու կարևորությունը բոլոր ժամանակներում՝ Ստեփան Զորյանի «Գրադարանի աղջիկը», Ջոջո Մոյեսի «Աստղեր նվիրողը» և Մյուրիել Բարբերիի «Ոզնու նրբագեղությունը»:
Մեզ կարող եք հետևել նաև մեր![]()
պաշտոնական վեբ կայքով՝
յութուբյան ալիքով՝
instagram-ով








