#ԱԶԳԱՅԻՆ_ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ_ՇԱԲԱԹ
#ԳՐԱԴԱՐԱՆԸ_ԿՐԹՈՒԹՅԱՆ_ԲԱՑ_ՀԱՐԹԱԿ
Օր հինգերորդ
Հայկական կինոյի 100- ամյակին էր նվիրված Սպիտակի քաղաքային գրադարանում կայացած հանդիպումը Սպիտակի պատվավոր քաղաքացի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մաթոսյանի հետ։
Քաղաքային գրադարանի տնօրեն Քնարիկ Գրիգորյանը իր ներածական խոսքում հանգամանալից անդրադարձ կատարեց իր մեկ դարը բոլորած հայկական կինոյին, խոսեց նրա սկզբնավորման, անցած էտապների, Հայկինոյի հիմնադիրներ Դանիել Դզնունու և Համո Բեկնազարյանի կատարած անգնահատելի գործունեության մասին։
Այդ ամենը զուգորդվում էր էկրանին ցուցադրվող Հայկինոյին նվիրված կինոնկարների հատվածներով, նրա երախտավորների լուսանկարներով։
Ջերմ ու սրտառուչ էր «Ֆիլմ» «Գեղարվեստ» թերթերի, «+Կինո» ամսագրի հիմնադիր խմբագիր, կինոգետ Ռոբերտ Մաթոսյանի հուշերն ու հիշողությունները, ով ավելի քան կես դար եղել է հայկական կինոյի անմիջական ականատեսն ու մասնակիցը։
Պատասխանելով ներկաների հարցերին նա մասնավորապես ասաց.
_Կինոյում Համո Բեկնազարյանի գործը նույնն է, ինչ Կոմիտասինը՝ երաժշտությունում։ Եթե Կոմիտասը հայ երգն ու երաժշտությունը մաքրեց ու ազատեց օտարամոլությունից ու զտվածը ներկայացրեց աշխարհի բեմերից, ապա Համո Բեկնազարյանը ազգայինը կինոյի միջոցով համաշխարհային էկրան հանեց։
Նա դրսի կինոյի շլացնող էֆեկտներն ու զարմացնող թամաշան Հայկինո չբերեց, այլ հակառակը համամարդկային արժեք դարձնելով դուրս տարավ։ Հայկական կինոյի հենքը նա ստեղծեց իր ժողովրդի հոգևոր շաղախից, ինչպես Արամ Խաչատրյանը երաժշտությունում, իսկ Մարտիրոս Սարոյանը գեղանկարչությունում։
Հայկական կինոյի 100-ամյա հոբելյանը հավուր պատշաճի կազմակերպելու և նշելու համար Ռոբերտ Մաթոսյանը շնորհակալություն հայտնեց Սպիտակի քաղաքային գրադարանի կոլեկտիվին, կինո սիրող հանդիսատեսին և իր պատանեկան ընկերներին։Դիտել՝https://www.facebook.com/100013529613818/videos/pcb.1687477218379916/210211575094894