ՄՏԱԾԵ՛ՆՔ ՀԱՅԵՐԵՆ, ԽՈՍԵ՛ՆՔ ՀԱՅԵՐԵՆ, ԳՐԵ՛ՆՔ ՀԱՅԵՐԵՆ
ԱՅՍՕՐ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է.
Լեզուն է մարդկային հոգու կախարդական բանալին, նրա մտքի անխաբ թարգմանիչը, նրա բուն էության իրական հայելին: Մարդը լեզվի միջոցով ճանաչում է աշխարհն ու աշխարհի մեջ՝ իրեն:
Ուրեմն, լեզուն մարդու գոյության վկայագիրն է նաև:
Եթե թոթովախոս մանկիկը մայրենի բառեր չի արտասանում, նրա մեջ լռում է նախնիների կանչը: Հավերժական այդ ահազանգից, որ արյան կանչ է կոչվում, մարդն անկարող է փախչել, ինչպես որ անկարող է փախչել ինքն իրենից: Այդ ահազանգն է, որ ճակատագրական պահերին մղում է մարդուն՝ ապավինելու նախնյաց ոգուն, փարվելու իր լեզվին:
Այդպես է, վաղ թե ուշ, մարդը վերադառնում է իր արմատներին, իր հողին: Ու եթե երերում է նրա ոտքի տակի հողը, ժողովրդին նեցուկ է դառնում իր լեզուն:
Ուրեմն, եկեք արժանին հատուցենք հավիտենական մեր պարտատիրոջ շռայլ ու շքեղ նվիրաբերումին: