Մեր մասին

ՏԵՂԵԿՈՒՅԹ «ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ» ՀՈԱԿ-Ի ՄԱՍԻՆ

 Գործում է 1939 թվականից:1988 թվականի երկրաշարժը հիմնովին ավերել է   գրադարանը: Վերականգնվել է 1989 թվականի ապրիլից և առ այսօր անխափան գործում է` պահպանելով «գրադարան»  հասկացության  լավագույն  ավանդույթները: Գրադարանը սնվում է համայնքի բյուջեից: ՈՒնի  335 քմ տարածք, առանձին ընթերցասրահ`30 նստատեղ,  ընթերցողների սպասարկման (նաև մանկական), մշակման-համալրման բաժիններ, այժմ նաև թանգարանային բաժին /500 քմ տարածքով/: Գրադարանը սպասարկում է քաղաքի ազգաբնակչությանը, դպրոցականներին, ինչպես նաև քաղաքում ամառային հանգիստն անցկացնող մարդկանց, նաև հարակից գյուղական համայնքներից շատերի բնակչությանը: Համագործակցում է տարբեր մշակութային-կրթական պետական և հասարակական կազմակերպությունների, ՀՀ գրողների միության /Վանաձորի մասնաճյուղի/ ՀՀ գրադարանային ասոցիացիայի և  այլ կազմակերպությունների, գրադարանների հետ, որի շնորհիվ նրա առջև բացվում են նոր հնարավորություններ: Ներկայումս մեծաթիվ ընթերցողներ իրենց ստեղծագործական ունակություններն են զարգացնում «Գրական խմբակում», «Բանավեճի ակումբում», շուտով նաև՝ նկարչական խմբակում: Գրադարանի  գրքային հավաքածուն կազմում է  29494 օրինակ գիրք և բրոշյուր, թերթերի  լրակազմ՝ 188 և 33 անուն ամսագիր: Գրքային հավաքածուն համալրվել է նվիրատվողների շնորհիվ, նաև` համայնքային բյուջեից: Յուրաքանչյուր տարի նոր թերթերի ու ամսագրերի համար հատկացվում է 200-250հազ. ՀՀ դրամ: Նվիրատվողներից են ինչպես անհատ մարդիկ, այնպես էլ կազմակերպություններ: Կարևորում ենք ավանդույթ դարձած «Գրադարանի բարեկամների» ամենամյա հավաքը և գրքահավաքի կոչը` ուղղված ազգաբնակչությանը, որը միտված է  գրադարանի հավաքածուների թարմացման գործընթացին և նպաստում է ազգաբնակչության շրջանում գրադարանի դերի ըմբռնմանը, նրա դերի գիտակցմանը, նրա պահպանմանը: Համալրման նպատակով կազմակերպվել է նաև ակցիաներ`«Գրքեր Սպիտակի համար», «Գրադարանը մեր տունն է», «Դարձիր գրադարանի բարեկամ» խորագրերով: Միայն 2017 թվականին գրադարանը նվիրատվությունների շնորհիվ համալրվել է 403 օրինակ հրատարակություններով: Գրադարանում ֆոնդերը դասավորված են համապատասխան ԳՄԴ սխեմայի, մանկական գրականությունը` ըստ տարիքային առանձնահատկությունների: Գրադարանային հավաքածուներում ընդգրկված գրադարանային բոլոր փաստաթղթերը հաշվառված են գրադարանի  գլխավոր մատյանում, որը վարվում է ըստ գործող կարգի և պարունակում է  տվյալներ գրադարանային  հավաքածուի մասին: Գրադարանն իր գրքային հավաքածուից նվիրել է գրքեր Շուշիի նորաբաց գրադարանին, Մեծ Պարնի, Շիրակամուտ, Հարթագյուղ  գյուղական համայնքային գրադարաններին` արձագանքելով  գյուղական գրադարանների համալրմանն օգնելու ծրագրին: Ունենք հայերեն — ռուսերեն ամսագրեր՝ գրական-գեղարվեստական, գիտատեխնիկական, գիտահանրամատչելի և ինֆորմացիոն, երեխաների համար, առողջապահական, գիտամեթոդական և այլ բնույթի: Ընթերցասրահում թերթերի և ամսագրերի հաշվառումը կատարվում է հատուկ սահմանված ձևերի վրա և օգտագործման է տրվում ըստ սահմանված կարգի: Հիմնական սկզբունքը համալրման անընդհատության պահպանելն է:  Ունենք ձևավորված համահավաք այբբենական գրացուցակ, տեղեկատու և մատենագիտական հրատարակությունների քարտային գրացուցակ: Գրադարանն ապահովում է ոչ միայն համայնքի բնակչության գրադարանային տեղեկատվական սպասարկման  մատչելիությունը: Ապահովված ենք ինտերնետ կապով: Գրադարանը հյուրընկալել է ինչպես հայ, այնպես էլ ռուս, ֆրանսիացի, Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքների նշանավոր մարդկանց և կազմակերպությունների… ՀՀ Ազգային գրադարան, Խնկո-Ապոր անվան գրադարան, Ավ. Իսահակյանի անվան  քաղաքային գրադարան, Երևանի հայերի ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Մոսկվայի բժշկական ատամնաբուժական համալսարան, Ռուսաստանում հայկական երիտասարդական միություն ասոցիացիան, «Երիտասարդական իրավաբանական միություն» համաշխարհային կազմակերպություն, թատերական գործիչ Երվանդ Ղազանչյան, Գրողներ Դեմենտև, Սոնա Վան, Ս. Խալաթյան, Հովիկ Հովեյան,  Ս. Նիկոյան, Լ. Սարգսյան, Սպիտակի քաղաքապետարան, Սպիտակ քաղաքի բնակիչներ, Սպիտակի պատվավոր քաղաքացիներ… և  շատ ուրիշներ, որոնց շնորհիվ համալրվում է գրադարանը: Ընթերցողների թիվը` 2446, դուրս տրված գրքերի քանակը` 32563, հաճախումների թիվը 23352: Գրադարանի կամարների ներքո տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումներ` գրքի շնորհանդեսներ, հանդիպումներ գրողների, արվեստագետների, մտավորականների հետ, կազմակերպվում են մրցույթ-փառատոններ, գրական-գեղարվեստական երեկոներ, մեծարման երեկոներ,  ցուցահանդեսներ, ձևավորվում են գրադարանային պլակատներ, կազմակերպվել է մի շարք մասսայական միջոցառումներ, տոնախմբություններ (Համբարձման տոն՝ Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի հետ միասին,Վառդավառի տոն): Ավանդույթ են գրադարանային շաբաթները, «Թանգարանային գիշեր»,«Գիշերային-գրադարան», «Եվրոպական Ժառանգության օրեր» ծրագրերին մասնակցությունը: Միջոցառումները կազմակերպվում են հասարակական-քաղաքական, հոբելյար տարեթվերի, պետական և հոբելյանական կարևոր իրադարձությունների, մշակույթի գործիչների հոբելյաների կապակցությամբ: Կարևորագույն միջոցառումներից  են պոեզիայի երեկոները նվիրված տարբեր գրողների ստեղծագործություններին` Վ. Տերյան` «Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ», Պ.Սևակ` «Ապրող և ապրեցնող անուն», Հ. Շիրազ` «Հոգով խելառը», Հ. Սահյան` «Ինձ բացակա չդնեք», մայրենիին և գրքին նվիրված երեկոները` «Դարձ առ գիրք», «Գրքի նվիրատվության օր», «Հայերենը հայուն տունն է», «Սիրենք մայրենին», գրական խմբակի անդամների  այցելությունները  բակային ճամբար, դպրոցներ, արվեստի և հասարակական տարբեր կազմակերպություններ: Շատ կարևորում ենք երիտասարդության ընդգրկվածությունը`   հայրենասիրական ոգու ամրապնդման և ազգայինի գիտակցման  հարցում: Սպասարկումը կազմակերպվում է շերտավորված ձևով՝ ըստ առանձին ընթերցողական խմբերի՝ ուսանողներ, ծառայողներ, գործազուրկներ, հաշմանդամներ /հատուկ սպասարկման ձևեր է օգտագործվում սայլակավոր հաշմանդամների համար՝ տնային այցելություններ, գրքատարություն, աշխատանքները կազմակերպվում է անհատապես, նրանց համար կազմակերպվում են նաև միջոցառումներ հոգևոր թեմայով: Կազմակերպվել են  հանդիպումներ «Հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանություն» հասարակական կազմակերպության անդամների հետ, հաշմանդամների համար նախատեսված է թեքահարթակ՝ գրադարան մուտք  գործելու համար, սպասարկում ենք 4 սայլակավոր հաշմանդամի, 2 տեսալսողական խնդիրներ ունեցող ընթերցողի, 12 այլ խնդիրներ ունեցող մանկուց հաշմանդամների/ և ըստ տարիքային առանձնահատկությունների: Համագործակցություն ենք նաև Սպիտակի  թիվ 1  հատուկ  դպրոցի/ այժմ` «Սպիտակի  տարածքային մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոն»/ և «Սպիտակի խնամքի տուն» կազմակերպության  հետ: Գրադարանից օգտվողներին ծառայություններ են մատուցվում նաև հեռախոսակապով: Ըստ պահանջի՝ տրամադրվում են գրադարանի տեղեկատու-մատենագիտական հրատարակությունները: Ընթերցողները  օգտվում են այբբենական և կարգային գրացուցակներից,  ինչպես նաև մատենագիտական տեղեկանքների ֆոնդից /արխիվ/: Ընթացքի մեջ է մամուլի էլեկտրոնային գրացուցակի կազմակերպման աշխատանքները /այս գործում համագործակցում ենք  ՀՀ Ազգային գրադարանի հետ/: Նոր գրքերի ստացումների մասին պարբերաբար տեղեկատվություն է տրվում կազմակերպվող «Նոր գրքեր» ցուցահանդեսի միջոցով և կազմված «Նոր գրքեր» մատենագիտական ցանկի միջոցով: Ընթերցողներն օգտվում են Ազգային գրադարանի, Խնկո-Ապոր անվան ազգային  մանկական գրադարանի, Երևանի  Ավ. Իսահակյանի անվան քաղաքային գրադարանի, Վանաձորի մարզային գրադարանի  գրքային հավաքածուներից/: Գրադարանն իր հավաքածուներից խմբաքանակներ տրամադրում է մանկական կրթօջախներին, դպրոցական գրադարաններին /Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոց, թիվ 3դպրոց, ավագ դպրոց, թիվ 1 հատուկ դպրոց / այժմ`  «Սպիտակի  տարածքային մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոն»/  և այլն: Գրադարանային կետ է բացված նաև քաղաքի պետական քոլեջում: Պատշաճ ձևով  հաշվառվում է մերժումների քանակը և դրա հիման վրա կազմակերպվում համալրման աշխատանքները: Ընթերցողներին տրվում է նաև թեմատիկ-ինֆորմացիոն թերթիկներ՝ ըստ պահանջի: Հատկապես շատ է հանրագիտարաններից օգտվողների թիվը: Ընթերցողների սպասարկումը կազմակերպվում է և՛ աբոնեմենտում, և՛ ընթերցասրահում: Ծառայություններ են մատուցվում նաև ընթերցանությունը ղեկավարողներին /մանկավարժներ, դաստիարակներ/: Մեր նպատակն է հնի ու նորի խաչմերուկում կանգնած ընթերցողին ճիշտ ճանապարհ ցույց տալ. կարևորել գիրքը, հարստացնել գրադարանը նոր ինֆորմացիոն նյութերով, կահավորել ժամանակկից գույք-սարքավորումներով, վերազինել տեխնիկապես և ունենալ բարեկիթ, բազմակողմանի զարգացած, լեզուների իմացությամբ և տեխնիկական միջոցներին տիրապետող կադրեր: Գրադարանի մասին տարբեր պարբերականներում  տպագրվել են հոդվածներ: Գրադարանի 15 աշխատողներից  4-ը օժանդակ աշխատողներ են, հաշվապահ, տնօրենի տեղակալ, 2-ը թանգարանային բաժնի աշխատողներ, 7-ը գրադարանային: Աշխատակիցներից  8-ը ունի բարձրագույն կրթություն, որից 1-ը գրադարանային մասնագիտական, 4-ը միջնակարգ մասնագիտական /որից 1-ը` գրադարանային/ 2-ը` ընդհանուր միջնակարգ կրթություն: Գրադարանի տնօրեն Ք. Գրիգորյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության   «Ոսկե մեդալով» և ՀՀ նախագահի կողմից՝  «Մովսես Խորենացի» մեդալով, «Հակոբ Մեղապարտ»  հուշամեդալով: Գրադարանային պայմանները /թեև տարածքը հարմարեցված է/ 2018թ. բավականին  լավացել են, վերանորոգվել է, անց է կացվել  օդափոխության, ջեռուցման համակարգեր: Կարիք ունենք տեխնիկական վերազինման, ինչպես նաև  հավաքածուն նոր հրատարակություններով շարունակական համալրելու խնդիր: Գրադարանի հիմնախնդիրներն են` 1. տիպային շենքի կառուցում, 2. տեխնիկական վերազինում, 3.թանգարանային մասնագիտական գույքի ձեռք բերում, 4.գրադարանի հավաքածուի նոր հրատարակություններով շարունակական համալրելու խնդիր, 5. մասնագետ կադրերի կարիք, 6. նոր գրադարանի հիմնում քաղաքի ծայրամասային հատվածում: